ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆԸ ՄԱՐԴՈՒ ԷՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Դառնալով հասարակական էակ, մարդը չի կտրվում կենդանական աշխարհից, չի զրկվում իր կենսաբանական հատկություններից: Նա բարձրակարգ կաթնասունների մի տեսակ է, որը կոչվում է բանական մարդ (Homo sapiens): Որպես կենսաբանական էակ նա օժտված է որոշակի կայուն տեսակային հատկանիշներով, որոնք, սակայն, որոշ սահմաններում փոփոխվում են:
Կենսաբանական են սեռերի տարբերությունները, կյանքի միջին տեւողությունը (80-90 տարի), ժառանգականությունը, քաշը, չափսերը, ուղղահայաց քայլվածքը, տարիքային բաժանումը, (մանկական, երիտասարդական, միջին, ծերունական եւ այլն) ընդունակությունները՝ տաղանդը, հանճարը, ընդ որում գործունեության տարբեր բնագավառներում (երաժշտության, գեղանկարչության, քանդակագործության եւ արվեստի մյուս ճյուղերի մեջ, ինչպես նաեւ տարբեր գիտություններում՝ մաթեմատիկայում, ֆիզիկայում, փիլիսոփայության, պատմության մեջ եւ այլն) եւ այլն: Կենսաբանական են նաեւ ռասայական տարբերությունները: Ըստ մարդաբանության նորագույն տվյալների, Homo sapiens-ը ծագել է մոտավորապես 2,5-3,5 միլիոն տարի առաջ, իսկ նրան նախորդել են, Homo-ի 2 տեսակ՝ Homo habilis-ը (կարող մարդը) եւ Homo erectus-ը (ուղիղ քայլող մարդը):
Կենսաբանական հատկանիշների ամբողության հիմքի վրա վեր է ծառանում մարդու սոցիալական հատկանիշների վիթխարի բազմությունը՝ կրթական, մասնագիտական, տնտեսական, քաղաքական, բարոյական եւ բազմաթիվ այլ հատկանիշներ: Այդ առնչությամբ էլ ծագում է կենսաբանականի եւ սոցիալականի փոխհարաբերության հարցը մարդու էության մեջ: Դեռ Արիստոտելն ընդգծել է կենսաբանականի եւ հասարակականի միասնությունը մարդու մեջ, անվանելով նրան «հասարակական կենդանի»: Ելնելով մարդու իր տված սահմանումից, Արիստոտելը ստրուկին մարդ չի համարել, որովհետեւ ստրուկը զուրկ է եղել քաղաքացիական իրավունքներից եւ միայն պարտավոր է եղել աշխատել իր տիրոջ համար: Ըստ նրա, ստրուկը խոսող գործիք է, հետեւապես, պատկանում է բանող ընտանի կենդանիների դասին:
Հետագայում հիմնախնդիրը դրվել է ավելի կոնկրետ. փիլիսոփաներն ու մարդաբանները ձգտել եւ ձգտում են պարզել, թե տվյալ 2 կողմերից ո՞րն է որոշիչը մարդու եւ հասարակության կյանքում,   ինչ դեր են խաղում այստեղ մարդկանց միջեւ գոյություն ունեցող այս կամ այն կենսաբանական տարբերությունները: Երկար ու սուր բանավեճերի արդյունքում ձեւավորվել են 2 հակադիր ընդհանուր տեսակետներ, որոնցից մեկը որոշիչ է համարում կենսաբանականը, իսկ մյուսը՝ սոցիալականը:
Առաջին տեսակետը բաղկացած է մի շարք ուսմունքներից, որոնցից են սոցիալ-դարվինիզմը, օրգանական տեսությունը, բիոսոցիոլոգիան, ֆրեյդիզմը, ռասիզմը եւ այլն: Ըստ սոցիալ-դարվինիստների, հասարակության կյանքում որոշիչ են Դարվինի հայտնաբերած՝ գոյության պայքարի օրենքն ու բնական ընտրությունը, որոնցով նրանք բացատրում են եւ՛ մրցակցությունը, եւ՛ դասակարգային պայքարը, եւ՛ պատերազմները: Օրգանական տեսությունը, որը մշակել է XIX դ. անգլիացի սոցիոլոգ Հ. Սպենսերը, հասարակությունը նմանեցնում է կենդանի օրգանիզմին, հասարակական հիմնարկները համարելով կենդանու օրգաններ իրենց հատուկ գործառույթներով: Օրինակ, կառավարությունը համարում է հասարակական օրգանիզմի ուղեղ, կապը՝ նյարդեր, տրանսպորտը՝ արյունատար անոթներ, աշխատավորներին՝ ստամոքսաաղիքային համակարգ եւ այլն: Բիոսոցիոլոգիան հասարակությունը նույնացնում է կենդանիների հոտի, մրջյունների, մեղուների եւ այլ միջատների «ընտանիքների» հետ: Հիրավի, հատկապես միջատների մոտ նկատվում են որոշակի «սոցիալական» երեւույթներ. նրանք համատեղ աշխատում են, ձմեռվա համար պաշար են կուտակում, պորտաբույծներին սպանում են (մեղուները): Սակայն նրանց գործողությունները զուտ բնազդային են եւ նրանց հարաբերություններն ընտանիքում հասարական չեն, որովհետեւ նրանք զուրկ են բանականությունից, հոգեւոր կարողությունից: Ֆրեյդիզմը, XX դ. ավստրիացի հոգեբույժ Զ. Ֆրեյդի ուսմունքն առավելությանը տալիս է մարդու անգիտակցական հոգեկան ուժերին: Նա պնդում էր. մարդն ու հասարակությունն ենթարկվում են անգիտակցական հոգեկան ոլորտին, առաջին հերթին բնազդներին, որոնք միշտ հաղթող են դուրս գալիս գիտակցության, բանականության դեմ իրենց պայքարում: Հետեւապես, մարդու էության մեջ միշտ հաղթում է կենդանականը:
Ռասիզմը խտրականություն է դնում տարբեր գույնի մարդկանց միջեւ, որոշ ռասաներ համարում է լիարժեք ու բարձր, իսկ մյուսներին ոչ լիարժեք ու ցածր: Ռասիզմի արմատները ծագել են հին Հունաստանում եւ անցել հռոմեացիներին, որոնք իրենց որպես բարձր կարգի ժողովուրդ առանձնացրել են մյուս ժողովուրդներից, անվանելով նրանց բարբարոսներ: Որպես ամբողջական տեսություն այն մշակվել է Եվրոպայում XIX դ. կեսերին եւ սպիտակամորթ եվրոպացիներին հռչակել է բարձրագույն արիական ռասա: XX դ. ռասիզմը դարձել է ֆաշիստական Գերմանիայի պաշտոնական գաղափարախոսությունը, որը բարձրագույն է հռչակել արիացիների բաց շիկահեր կապուտաչյա նորդական (հյուսիսային) ցեղի մարդկանց, առաջին հերթին գերմանացիներին: Ֆաշիստների սանձազերծած 2-րդ աշխարհամարտը դա նորդական ռասայի պատերազմ էր հանուն համաշխարհային տիրապետության:
Մարդու էության կենսաբանական ըմբռնման օրինակ է նաեւ կանանց՝ որպես հասարակական էակների ընդունակությունների թերագնահատումը եւ դրա հիման վրա նրանց նկատմամբ խտրականությունը: Համարելով կանանց ցածր կարգի էակներ, հասարակության տղամարդկանց մասը խիստ սահմանափակել է նրանց աշխատանքի իրավունքը, ընտրական իրավունքը, հավասար վարձատրության իրավունքը եւ բազմաթիվ այլ իրավունքներ: Բավական է նշել, որ Անգլիայի պես քաղաքակիրթ երկրում կանայք ձայնի իրավունք են ստացել 1918 թ. միայն: Հանուն սեռերի հավասարության ծավալվել են ֆեմինիստական շարժումներ, որոնք երբեմն չափն անցել են, ձգտելով կանանց հավասարեցնել տղամարդկանց ոչ միայն դրական, այլեւ բացասական իմաստով, այսինքն՝ տղամարդկանցից ետ մնալու համար կանայք պետք է ընդօրինակեն նաեւ նրանց արատները՝ ծխելը, խմելը, զազրախոսելը եւ այլն: Կանանց հավասարության համար հատկապես կատաղի պայքար են մղել մարքսիստ-լենինիստները, խորհրդային կոմունիստները, որոնք իրենց իշխանությունը ցարական Ռուսաստանում հաստատելուց հետո հավասարության պատրվակի տակ խաբեցին կանանց եւ նրանց վրա բարդեցին նաեւ ամենածանր աշխատանքները. ճանապարհների, երկաթուղիների, բնակարանային եւ արդյունաբերական շինարարությունը, ամեն տեսակի ստորգետնյա գիշերային, ծանր ֆիզիկական աշխատանքները, ներառյալ հանքափորի աշխատանքը: Եվ այստեղ պարզվեց, որ տղամարդկանց ու կանանց հավասարության ամենավեհ ու մարդկային սկզբունքը կարելի է ծառայեցնել նաեւ ամենաստոր ու անմարդկային նպատակներին:
Հասարակությունը պետք է ոչ թե ամեն տեսակի հավասարություն, նման հավասարություն տղամարդու եւ կնոջ միջեւ չի կարող լինել, այլ այնպիսին, որ հաշվի է առնում կնոջ օրգանիզմի առանձնահատկությունները որպես թույլ եւ նուրբ էակի, որպես օջախի պահապանի եւ երեխաների մոր, եւ պաշտպանի նրա շահերը եւ դրանով իսկ ողջ հասարակության շահերը:
Մարդու էության սոցիալական կողմի ընդգծումը բնորոշ է մարքսիզմ-լենինիզմին: Մարքսը միշտ պնդել է, որ մարդն իր էությամբ սոցիալական էակ է, որովհետեւ մարդն այն է, ինչ հասարակությունն է: Նա գրել է. «… մարդու էությունը մի ինչ-որ վերացական բան չէ, որ հատուկ է առանձին անհատին: Իրականում այն բոլոր հասարակական հարաբերությունների ամբողջությունն է»: Առաջին հայացքից դա շատ խոր ու վեհ է հնչում, սակայն պարունակում է 3 արմատական տեսական սխալ, որոնք հետագայում, կոմունիստների իշխանության ժամանակ ժողովրդի համար ողբերգական հետեւանքներ են ունեցել: Նախ, մարդու կենսաբանական էությունն արհամարհվել է, երկրորդ, նա տարալուծվել է հասարակության մեջ եւ երրորդ, անտեսվել է նրա անհատականությունը, որը պայմանավորված է նրա միլիոնավոր տարիների էվոլյուցիայով, ժառանգականությամբ եւ այլ կենսաբանական գործոններով: Արդյունքում, խորհրդային տարիներին կոմունիստները տասնամյակներ շարունակ արհամարհել են ժողովուրդների ամենակենսական շահերը, խոստանալով դրախտային բարեկեցություն ստեղծել հեռավոր կոմունիզմի ժամանակ: Մարդկանց դարձրել են հասարակության «վինտիկներ», որոնց հետ իրենց ուզածի պես կարելի է վարվել: Վերջապես, անտեսել են մարդկանց անհատականությունը, ամեն մի մարդու համարել են փոխարինելի, ժխտել են անփոխարինելի մարդկանց գոյությունը: Արվեստագետների համամիութենական խորհրդակցության ժամանակ (1961 թ.) խորհրդային խոշորագույն կինոռեժիսյորների մեկի երեսին Ն. Խրուշչովը շպրտել է. «Դուք պետք է իմանաք, որ դուք ոչնչություն եք, ձեզ նման տարեկան 3 մլն մարդ է ծնվում ԽՍՀՄ-ում»:
Ճիշտ է, մարքսիզմի ուսմունքում նշվել է նաեւ մարդու բնական, կենսաբանական կողմը, բազմիսց նշվել է, որ մարդը բնական, կենդանի էակ է, բայց դրանից անհրաժեշտ տեսական հետեւություններ չեն արվել: Կենսաբանականի եւ սոցիալականի կարեւորությունը, միասնությունն ու փոխներգործությունը ըստ արժանվույն չի գնահատվել: Արդի գիտատեխնիկական հեղափոխությունը հնարավորություն է տալիս ավելի խորն ու կոնկրետ ըմբռել մարդու կենսաբանական էությունը, նրան սպառնացող վտանգները, կապված միջավայրի աղտոտման հետ, եւ այն բարեփոխելու հեռանկարները: Նյութական բարեկեցության աճը, առողջապահության զարգացումը, գենետիկան, մասնավորապես ինժեներային գենետիկան, եվգենիկան եւ այլն, խնդիր են դնում ամրապնդել մարդկանց առողջությունը, էապես երկարաձգել մարդկանց կյանքը (մինչեւ 180 տարի), պայքարել ժառանգական հիվանդությունների դեմ, հիվանդ գեները նորերով՝ առողջներով փոխարինելու միջոցով եւ ընդհանրապես վերակառուցել մարդկանց ժառանգական ապարատը: Դա ինժեներային գենետիկայի խնդիրն է: Եվգենիկան հնարավորություն է տալիս բարելավելու մարդկանց տեսակը տարբեր պարամետրերով, գենետիկական փոփոխությունների եւ անգամ կանանց արհեստական բեղմնավորման միջոցով կամ արհեստական պայմաններում երեխա ստանալու միջոցով եւ այլն:
Նորագույն գիտությունների ու տեխնիկայի ընձեռած այս վիթխարի հնարավորությունները, սակայն, պահանջում են մեծագույն զգուշություն: Հակառակ դեպքում մարդկությանը, նրա ժառանգականությանն ու տեսակին կարելի է անուղղելի վնաս հասցնել, անգամ վտանգի տակ դնել մարդկության հետագա գոյությունը: